ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Կամ օգտագործում ենք շանսը, կամ կորցնում ևս հինգ տարի»

«Կամ օգտագործում ենք շանսը, կամ կորցնում ևս հինգ տարի»
11.03.2016 | 01:04

«Իրատեսի» զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

-Հերթական ընտրություններից առաջ մենք ունեցանք հերթական Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ձեր կարծիքով՝ այս նախագիծն ամենամանվածապատը և անորոշը չէ՞ հասարակական ընկալման համար:
-Կարծում եմ՝ այդ չափանիշները Ընտրական օրենսգրքի գնահատման ամենալավ չափանիշները չեն: Ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մնացած երկրներում հասարակության ճնշող մեծամասնությունը ընտրական օրենսգրքերի ձևակերպումներին, նրբություններին, բարդությանը կամ պարզությանը անտեղյակ է մնում: Նրանց առաջին հերթին հետաքրքրում է խիստ որոշակի հատված՝ իրենց անելիքները և այն պատկերը, որ ստացվում է քվեարկության արդյունքում, իսկ ներկայացված նախագծի այս մասերը, կարծում եմ, բավականին պարզ են։ Օրենսգրքի մնացած հատվածները, որոնք ևս չափազանց կարևոր են, ավելի շատ հետաքրքրում են հասարակության մասնագիտական որոշակի գիտելիքներ ու փորձառություն ունեցող մասին, իսկ հասարակության այս մասի համար շատ ավելի կարևոր հանգամանքներ կան օրենսգրքում, քան նրա բարդ շարադրանքը։
-Եթե համեմատենք գործող օրենսգրքի հետ, նոր ԸՕ-ի տարբերությունները խորհրդարանական կառավարման անցման հետևա՞նք են:
-Բոլոր սկզբունքային փոփոխությունները բխում են Սահմանադրությունից, որն արձանագրում է՝ մեր երկրում արդեն գործում է 100 % համամասնական ընտրակարգ: Ինչպե՞ս է դա իրացված Ընտրական օրենսգրքի նախագծում: Համամասնական ընտրակարգի պարագայում ընտրացուցակների ձևավորման երկու հիմնական ձև կա։ Առաջին՝ երբ կուսակցության բարձրագույն մարմինն է որոշում կուսակցության համամասնական ցուցակում թեկնածուների հերթականությունը, և ընտրողը չունի հնարավորություն իր հայեցողությամբ փոխելու այդ հաջորդականությունը, այս համակարգն անվանում են նաև փակ համամասնական համակարգ։ Երկրորդ համակարգում ընտրողը իր քվեարկությամբ մասնակցում է ներկայացված ցուցակում թեկնածուների տեղերի որոշմանը, ավելի շատ ձայն ստացած թեկնածուն ցուցակում ավելի բարձր տեղ է գրավում, այս համակարգն անվանում են նաև բաց համամասնական համակարգ:
-Մերը բա՞ց, թե՞ փակ համակարգ է նախատեսել:
-Երկուսի զուգակցումը: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է ողջ հանրապետության համար՝ նվազագույնը 80, առավելագույնը՝ 300 թեկնածուներով մեկ փակ համամասնական ընտրացուցակ: Հանրապետությունը բաժանվում է 13 ընտրատարածքների: Երևանը՝ չորս, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը՝ մեկ, մնացած 8 մարզերը՝ մեկական ընտրատարածքով: 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրում կուսակցությունն առաջարկում է իր թեկնածուների ցուցակը: Կուսակցությունը ամեն ընտրատարածքում կարող է ներկայացնել նվազագույնը 5, առավելագույնը՝ մոտավորապես 15-20 թեկնածուի ցուցակ՝ կախված ընտրատարածքի ընտրողների քանակից: Ընտրատարածքների ընտրացուցակները բաց են։ Ընտրողը քվեարկելով տվյալ կուսակցության օգտին՝ կարող է նաև քվեարկել այդ ընտրատարածքում այդ կուսակցության ներկայացրած ընտրացուցակի թեկնածուներից մեկի օգտին։ Հակառակն անել հնարավոր չէ, հնարավոր չէ քվեարկել կուսակցության ներկայացուցչի օգտին, չքվեարկելով կուսակցության օգտին։ Ընտրությունների արդյունքում կուսակցությունների միջև բաշխվում է խորհրդարանական 101 մանդատը՝ յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր հավաքած ձայներին համապատասխան մանդատներ։ Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում է համապետական փակ ցուցակին, մյուս կեսը՝ 13 ընտրատարածքային բաց ցուցակներին։
-Իսկ ավելի պա՞րզ:
-Ենթադրենք, ինչ-որ կուսակցություն ստացել է 40 մանդատ, 20-ը տրվում է համապետական փակ ցուցակին, մյուս 20-ը համամասնորեն բաժանվում է 13 ընտրատարածքային ցուցակների միջև, այսինքն՝ ավելի շատ մանդատներ կստանա այն ընտրատարածքը, որն ավելի մեծ ներդրում է ունեցել կուսակցության հաջողության մեջ: Իսկ ընտրատարածքին հասած մանդատները տրվում են առավել շատ ձայներ ստացած թեկնածուներին։
-Նոր սահմանադրությամբ հայաստանաբնակ ազգային փոքրամասնություններին ևս պատգամավորական տեղեր են հատկացվում, նրանք ինչպե՞ս են ընտրվում:
-Հայաստանի չորս առավել մեծ ազգային փոքրամասնությունները մեկական երաշխավորված տեղ կունենան խորհրդարանում։ Յուրաքանչյուր կուսակցության նախընտրական ցուցակի համապատասխան հատվածում ներկայացվում են այդ ազգերի ներկայացուցիչ թեկնածուները։ Ընտրությունների արդյունքում առաջին տեղը գրաված կուսակցությունը խորհրդարան է բերում ամենամեծ փոքրամասնության ներկայացուցչին. Երկրորդ տեղը գրավածը՝ երկրորդ փոքրամասնության ներկայացուցչին, այդպես ընդամենը չորս պատգամավոր։ Արդյունքում ունենում ենք խորհրդարան 105 պատգամավորով: Եթե որևէ կուսակցություն հավաքել է 53 մանդատ՝ 105-ի կեսից ավելին, հավելյալ ստանում է այնքան մանդատ, որ ունենա խորհրդարանի մանդատների 54 %-ը ապահովելու համար ձայներ, և ընտրությունները համարվում են ավարտված:
-Իսկ եթե չի՞ հավաքում:
-Այդ դեպքում խորհրդարան անցած ցանկացած երեք կուսակցություններ կարող են միավորվել և կայուն մեծամասնություն ձևավորել:
-Հայերը միավորվել չեն սիրում:
-Չեմ կարծում, որ չեն սիրում, բայց այդ դեպքի համար նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլը՝ առաջին և երկրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունների միջև: Այս երկու կուսակցությունները կարող են երկրորդ փուլին մասնակցել խորհրդարան անցած կուսակցություններից ստեղծված նոր դաշինքով:
-Արդա՞ր է՝ խորհրդարանական մեծամասնությանը լրացուցիչ մանդատներ տալը:
-Արդար է, որովհետև վերացնում է խորհրդարանական համակարգերի հիմնական թերությունը՝ կառավարությունների հաճախակի փոփոխությունները, որ բերում է կառավարման արդյունավետության նվազեցման։ Մյուս կարևոր փաստարկը՝ լրացուցիչ մանդատներ ստանում է նաև ընդդիմությունը։ Եթե ձևավորված խորհրդարանում ընդդիմության ձայները ընդհանուրի մեկ երրորդից քիչ են, ավելացվում են այնքան, որ ընդհանուր ձայների մեկ երրորդից պակաս չլինեն։ Ընդդիմության ձայներն ավելացվում են, որ խորհրդարանն ունենա ակտիվ ու լիարժեք գործելու ունակ ընդդիմություն։
-Հայաստանում եղել են համապետական բազում ընտրություններ, Ընտրական օրենսգրքի, ընտրական գործընթացի կատարելությունն ու անկատարելությունը մղվում են մի կողմ հաստատված ավանդույթով՝ ընտրությունները կեղծվում են, ի՞նչ պիտի լինի, որ ընտրողը հավատա՝ ՀՀԿ-ն, որ իշխանություն է և որպես իշխանություն պարտավոր է կազմակերպել արդար ընտրություններ, արդար կանի իր գործը:
-Այսինքն՝ ուզում եք իմանալ, թե Ընտրական օրենսգիրքն ինչպե՞ս է կարգավորում քվեարկության գործընթացը:
-Ընտրական օրենսգրքում քվեարկության գործընթացը կարող է կատարյալ կարգավորված լինել, հետո ի՞նչ: Կա քաղաքական կամքի խնդիր: Կա՞ կամք:
-Այո, և դրսևորվում է հենց քվեարկության կազմակերպման մեխանիզմներով: Ի տարբերություն նախորդ օրենսգրքերի, երբ ընտրողն ընտրատեղամասում անձնագիրը ներկայացնելով հանձնաժողովի անդամին՝ քվեաթերթիկ է ստանում, հիմա մինչև քվեաթերթիկ ստանալը հսկման շատ կարևոր փուլ է նախատեսված։ Ընտրողն անձը հաստատող փաստաթուղթը տալիս է տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին, և կարող է ստանալ քվեաթերթիկ, եթե իսկապես այդ փաստաթղթի տերն է, այդ ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունի և դեռ չի քվեարկել:
-Ի՞նչ փաստաթուղթ և տեխնիկական ի՞նչ միջոց:
-Անձնագիր, կենսաչափական անձնագիր կամ ID քարտ։ Եթե ընտրողը ներկայացնում է կենսաչափական անձնագիր կամ ID քարտ և այդ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունի ու դեռ չի քվեարկել, լուսատախտակի վրա երևում է փաստաթղթի տիրոջ լուսանկարը, և ներկաները կարող են համոզվել, որ լուսատախտակի վրա հենց քվեարկել ցանկացողի լուսանկարն է, ու քաղաքացուն թույլատրվում է ստանալ քվեաթերթիկ: Եթե ընտրողը ներկայացնում է սովորական նմուշի անձնագիր, այդ ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունի ու դեռ չի քվեարկել, լուսատախտակին վառվում է կանաչ լույս, և քաղաքացուն թույլատրվում է ստանալ քվեաթերթիկ։ Եթե քվեարկել ցանկացողի ներկայացրած փաստաթղթի համաձայն նա այդ ընտրատեղամասի ընտրող չէ, լուսատախտակին վառվում է կարմիր լույս և քվեաթերթիկ չի տրվում: Եթե ընտրողը ներկայացնում է փաստաթուղթ, որով արդեն մեկ անգամ քվեաթերթիկ է տրվել, վառվում է կարմիր լույսը, և հրավիրվում է ոստիկան: Այս նոր էլեկտրոնային միջոցը էապես նվազեցնելու է ընտրախախտումների հնարավորությունները։ Ընտրակեղծիքներին խոչընդոտող նորամուծություններ կան քվեարկության մյուս փուլերում ևս, մասնավորապես, յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկի գույնը տարբերվելու է մյուսից, ծրարի մեջ դրված քվեաթերթիկը քվեատուփ գցելուց առաջ հատուկ դակիչով դակվելու է։
-Ձեր նկարագրած գործընթացում քվեարկության միայն առաջին փուլն է էլեկտրոնային դարձրած, իսկ մյուս փուլե՞րը:
-Աշխարհում կիրառվում են քվեարկության համակարգեր, որոնք քվեարկության ողջ գործընթացից են մարդկային գործոնը բացառում: Այդպիսի համակարգեր վաճառող ամենամեծ ընկերությունը «Սմարթմաթեքն» է: Վերջերս կարողացա ծանոթանալ այդ ընկերության սարքավորումներին, որոնք գործնականում բացառում են ընտրակեղծիքների որևէ հնարավորություն: Այդ սարքերն իրենց արդյունավետությունն ապացուցել են Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում՝ տարբեր երկրներում երկուսուկես միլիարդ քվեարկություն է կատարվել, և ոչ մի երկրում քվեարկություններից հետո քաղաքական վիճակի որևէ լարում չի եղել։
-Ինչքա՞ն է տևում նախապատրաստական շրջանը, որ այդ սարքերն աշխատեն ընտրություններում՝ տեխնիկայի ձեռքբերումը, աշխատելու հմտությունները, փորձնական օգտագործումը, հասարակության իրազեկումը:
-Սարքավորումներ Հայաստան ներկրելու և սարքերի աշխատանքի հետ ծանոթացնելու համար բավարար է մեկ-մեկուկես ամիսը, այդպես է եղել այլ երկրներում: Սարքերի միջոցով քվեարկություն կատարելը ևս շատ պարզ է:
Որպեսզի կարողանանք համակարգը Հայաստանում ներդնել, մի քանի կարևոր խնդիրներ պետք է լուծենք առաջիկա մեկ տարում: Նախ՝ պետք է ունենանք քաղաքական կոնսենսուս քվեարկության ողջ գործընթացը էլեկտրոնային համակարգի ներդրմամբ իրականացնելու անհրաժեշտության հարցում: Բոլոր քաղաքական ուժերը՝ իշխող, ընդդիմադիր, պետք է ցանկանան համակարգը ներդնել: Պետք է ընկալվեն համակարգի հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում պահանջներ առաջադրվեն համակարգի լրամշակման համար: Որոշ երկրներ համակարգի կիրառումից առաջ առաջադրել են իրենց պահանջները՝ ելնելով երկրի առանձնահատկություններից, և համակարգը լրամշակվել է, որ բավարարի այդ պահանջներին: Համակարգի ներդրման համար Ընտրական օրենսգրքի նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն:
-Դուք ռեա՞լ եք համարում, որ Հայաստանի քաղաքական դաշտը քաղաքական միասնական կա՞մք արտահայտի:
-Այո, միայն մեկ ճանապարհով՝ փորձով: Յուրաքանչյուր երկրում համապետական ընտրություններ կազմակերպելուց առաջ շատ կարևոր է պիլոտային ծրագրեր իրականացնելը, որ մարդիկ փորձով համոզվեն, որ համակարգն աշխատում է անթերի: Մարդկանց վստահությունը ոչ միայն տեսական, այլև գործնական հիմքեր պետք է ունենա, գաղափարը պիտի հասկանալի լինի ոչ միայն քաղաքական ու քաղաքացիական հասարակության, այլև շարքային ընտրողի համար: Համակարգն ունի պաշտպանության բազմաթիվ հնարավորություններ՝ ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցությունները կարող են իրենց էլեկտրոնային բանալիներով փակել դեպի ծրագիր մուտքը, որպեսզի որևէ մեկը համակարգի ծրագրին մուտք չունենա: Համակարգի հուսալիությունը բարձրացնելու համար ամբողջ տեղեկատվությունը երկու տեղ է պահպանվում, ընտրակեղծարարությունը բացառող բոլոր մեխանիզմները մշակված են. դա է պատճառը, որ համակարգն այդքան մեծ պահանջարկ ունի աշխարհում:
-Ենթադրենք՝ քաղաքական կամքը ձևավորվում է, ո՞րն է մյուս խոչընդոտը:
-Մյուսը տեխնիկական է, ավելի ստույգ՝ ֆինանսական: Համակարգը ավելի վստահելի ու շատ ավելի անթերի է դառնում, երբ քվեարկությունը կատարվում է բիոմետրիկ անձնագրերով կամ ID քարտերով, որոնց մեջ կա փաստաթղթի տիրոջ մատնահետքը, այդ դեպքում վստահությունը 100 % է, որովհետև երկրորդ նման մատնահետք չկա: Դուք կարող եք փոխել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան վայրն ու տարեթիվը, արտաքինը, նույնիսկ սեռը, բայց ոչ՝ մատնահետքը:
-Քանի՞ մարդ հանրապետությունում ID քարտ ունի:
- 650000:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ բոլորն ID քարտեր ունենան:
-Եթե քաղաքական կոնսենսուս ունենանք, մեր հնարավորությունները կարող ենք մեծացնել և մեկ տարին կբավարարի: Ոչ միայն ժամանակի, կա նաև գումարի խնդիր՝ մեկ ID քարտի համար 3000 դրամ: Մենք ունենք 2000 ընտրատեղամաս, մեծ ընտրատեղամասը պահանջում է մոտավորապես 4400 եվրոյի սարքավորումներ: Ակնհայտ է, որ պետք չէ 2000 ընտրատեղամասերի համար այդ սարքերը գնել, համապետական ընտրությունները հինգ տարին մեկ են, մենք կարող ենք գնել սարքավորումների մեկ քառորդը՝ ՏԻՄ ընտրությունների համար, մնացածը վարձակալել հինգ տարին մեկ անգամ՝ մեկ ամսով: Հուսով եմ, որ քաղաքական կոնսենսուսի առկայության պարագայում կգտնվեն ֆինանսական օժանդակություն ցույց տվող կառույցներ։
-Ինչո՞ւ պիտի օտարները շահագրգռված լինեն Հայաստանում լեգիտիմ ընտրությունների անցկացումով:
-Իսկապես, թերևս, կան արտերկրյա կենտրոններ, որ ուզում են՝ Հայաստանում երբեք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ ու վստահություն ներշնչող չլինեն, որպեսզի կարողանան ազդել հետընտրական գործընթացների ու նաև երկրի վրա, բայց կան նաև ուժեր, որ ուզում են Հայաստանը դառնա ժողովրդավար, ազատ ու արդար ընտրություններ իրականացնող երկիր: Ես ակնկալում եմ, որ հենց նրանք պետք է մեզ օժանդակեն։ Կամ մենք առաջիկա ամիսներին վճռական քայլ կանենք դեպի մեծ վստահություն երաշխավորող ընտրական համակարգը, կամ կկորցնենք այս հնարավորությունը մինչև հաջորդ համապետական ընտրությունները: Մենք հիմա ջրբաժանի առաջ ենք՝ կամ նոր Ընտրական օրենսգրքով կամրագրենք բացարձակ վստահություն երաշխավորող էլեկտրոնային քվեարկության համակարգ, կամ կունենանք ոչ լիարժեք վստահություն ներշնչող ընտրական համակարգ:
-Չե՞ք կարծում, որ արտաքինից առաջ ներքինի մասին է պետք մտածել, նույն արտաքին ուժերը թույլ չեն տա քաղաքական դաշտը կոնսենսուսի գա: Հայտնի արտաքին ուժերն աշխատում են որքան իշխանական, նույնքան ու ավելի ընդդիմադիր դաշտում, ինչո՞ւ պիտի թույլ տան, որ Հայաստանը դուրս գա իրենց ներգործությունից:
-Ես կարծում եմ, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ այդպիսի ուժերի առկայության պարագայում նրանք արագ ու հստակ դրսևորվելու են: Առաջիկայում պարզ կդառնա՝ ո՞վ է ցանկանում 100 %-անոց, բացարձակ վստահություն ապահովող ընտրական գործընթաց, իսկ ովքեր՝ ոչ: Ես համոզված եմ, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, քաղաքացիական հասարակությունը պիտի կողմ լինեն այդ գաղափարին, որ մեկընդմիշտ վերացնեն հետընտրական գործընթաց հասկացությունը: Ճիշտ այնպես, ինչպես մեզնից առաջ այդ գործընթացից ձերբազատվել են այն բոլոր երկրները, որոնք ներդրել են քվեարկության 100 % էլեկտրոնային համակարգ:
-Չե՞ք վախենում, որ համակարգը կարող է չաշխատել զուտ տեխնիկական պատճառներով:
-Մեզ նման իրավիճակ ունեցող երկրներում համակարգն աշխատել է և տեխնիկական խոտան չի տվել, համակարգի կենսունակությունը տարիների ընթացքում է մշակվել՝ տարբեր երկրների որոգայթները հաղթահարելով:
-Լավ, ՀՀԿ-ն ինչո՞ւ է ռիսկի դիմում՝ ելնելով քաղաքական, տնտեսական վիճակից:
-Կարծում եմ՝ սխալ է ռիսկ ձևակերպումը։ Մենք ունենք նպատակ. մենք ուզում ենք, որ ընտրական գործընթացը ոչ միայն էությամբ արդար լինի, այլև հասարակության ընկալումն ադեկվատ լինի:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ